«САМОСУД»-Ի ԿՈԴԱՎՈՐՎԱԾ «ՈՒՂԵՐՁԸ» ՈԳԵՎՈՐԵՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԱԿԱՆՔԻՆ
Facebook-յան էջս փակելով Նիկոլի վարձատրվող «լեգեոնականների» դեմ` զազրախոսություն-հայհոյանքներից գլուխս ազատեցի: Տարբեր տարիքի ու սեռի (նաև բնության մեջ գոյություն չունեցող) հեռախոսային խուլիգաններին, որ ծրագրված, ժամանակ առ ժամանակ զանգում էին խմբագրություն ու փորձում նյարդայնացնել, ցուցադրելով իրենց «հունարը» բանահյուսական համապատասխան ժանրում, արհամարհում էի: ՈՒրիշի սեղանից այս կռճոններ փախցնողների հեռախոսազանգերին հիմնականում պատասխանում էր գործավարուհին. ունկնդրում էր իրեն հատուկ հանդարտությամբ և առանց արձագանքելու դնում լսափողը:
Բայց Փաշինյանի կիրակնօրյա լայվը՝ ձոնված ՀՀ «կատաղած» լրագրողներին ու լրատվամիջոցներին, հետո նաև կոդավորված «ուղերձը»՝ «самосуд»-ի պատրաստ թափթփուկներին, ոգևորեց հանրության տականքին (անկախ տարիքից, սեռից ու զբաղեցրած պաշտոնից) և ուղղորդեց լրատվամիջոցների ու նրանց խմբագիրների դեմ: Պարզվեց` իսկական գրոհն առջևում է: Իրենց տղամարդ երևակայող որոշ գաճաճներ (և՛ մարմնով, և՛ հոգով) լկտի գրառումներով ողողեցին Facebook-ը, ամենևին չմտահոգվելով, որ ավելի են խորացնում Նիկոլի կամա, թե ակամա օրակարգի պահանջ դարձրած թշնամանքը, չգիտակցելով, որ գալու է պահն ու պատասխան են տալու գործած չարիքների, կատարած խառնակչության համար:
Ի դեպ, ժամանակին Նիկոլն էր իր թերթում համարից համար գրում «խառնակչության» մասին: Հրապարակումները «ձոնված» էին Լևոն Տեր-Պետրոսյանին: Հավելեմ՝ շարքն ընթերցողներին անհայտ պատճառներով անավարտ մնաց:
Ի՜նչ իմանար «մեծ կոմբինատորը», որ տարիներ անց ինքն է դառնալու հիշյալ «խառնակչության» չհանդարտվող էպիկենտրոնը։
Ապրիլի 22-ին հերթական զանգահարողը կանացի ձայնով անհայտ սեռի մոլեգնած մի ներկայացուցիչ, որ, թերևս, մոռացել էր ընդունել անհրաժեշտ դեղահաբերը (կամ էլ որոշ քայլարածների սիրած մարիխուանայի դոզայի ազդեցության տակ էր) կոկորդը պատռելով, «Իրատեսին» ամբաստանում էր բազում ու բազմազան չգործած մեղքերի, այդ թվում` Քոչարյանին պաշտպանելու մեջ: Չորրորդ, թե հինգերորդ զանգից հետո ես վերցրի լսափողը։ Տեղաց հայհոյանքների տարափը։ Զսպելով զայրույթս պահանջեցի ներկայանալ։
-«Նոր» Հայաստանի հպարտ քաղաքացի եմ,- գրեթե խեղդվելով ճղճղաց ու շարունակեց զազրախոսել Օրուելի «Անասնաֆերմայի» այս բնակիչը։
-Ես էլ հին Հայաստանի քաղաքացի եմ,- փորձեցի ընդհատել մեդուզայի հայհոյանքների տարափը։
- Թուրք Քոչարյանի պիցցայակեր...,- ինչպես կասեր Հակոբ Պարոնյանը՝ «պոռաց» կանացի ձայնով առանձնյակը:
-Ա՛յ հայվան,- չզգացի ինչպես բարձրացրի ձայնս,- Քոչարյանը ազգային հերոս է, որ զենքն ուսած կռվել է թշնամու դեմ ու քեզ նման «հպարտ» անբարոյականներին պաշտպանել, որ թուրքը չբռնաբարի,- զայրույթից շպրտեցի լսափողը:
Ընկալուչի մյուս կողմում որպես պատասխան հնչեցրած հայհոյանքի շարունակությունը մնաց կատաղած Ֆուրիայի կոկորդում։ Իրար անցած աշխատակիցները եզրակացրին՝ պրծանք թոկից փախածի վայրահաչոցներից։ Րոպեներ անց, սակայն կրկին զանգ։ Վերցրի լսափողն ու միացրի բարձրախոսը: Ընկալուչի մեջ բառացիորեն որոտաց Գորգոնայի ոռնոցը.
-Թու՛րք, թուրքի ծնունդ…
Անհասկանալի ինչ-որ ալիք շամփրեց ուղեղս: Լսափողը ձեռքիցս վերցրեց գովազդային խմբագիրն ու այս «շնաբարո դուրսպրծուկին» (ճիշտ եմ բնութագրում, չէ՞, Նիկոլ) հակադարձեց իր իսկ բառապաշարով։ Բայց հետո շփոթված անջատեց լսափողն ու ծիծաղեց.
-Էս ո՞ր կենդանու կատաղած էգն էր, ինձ չէր լսում, գժված հայհոյում էր։
Իրենց պաշտած պիցցան, հավանաբար, այնքան էր հափռել, որ կուտակված էներգիան ժայթքում էր փրփրակալած երախից ու ինքն իրեն չէր կարողանում տիրապետել: Ինչևէ, երկու-երեք ժամ հեռախոսն անջատեցինք:
Պժգալի այս կերպարը մի օգուտ, այնուամենայնիվ, տվեց խմբագրությանը. րոպեներ անց թերթի տնօրենը գնաց «Բիլայնի» գրասենյակ ու...
Ի գիտություն «հպարտների», «կրծող և սողացող» դասի բոլոր ներկայացուցիչների, լուտանքներ թափելու միտումով խմբագրություն հեռաձայնող հոգեկան հիվանդների և մյուս թափթփուկների՝ այսուհետ ձեր զանգերը կգրանցվեն։
ԱՐԺԵԶՐԿՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՃԱՇԱԿԻՆ
ԱՄՆ նախկին նախագահ Օբաման ժամանակին այսպիսի արտահայտություն արեց՝ թիվ մեկ սպառնալիքը աշխարհին «Էբոլան» է, իսկ 2-րդը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ճի՞շտ էր Օբաման, թե՞ ոչ, ուրիշ խոսակցության նյութ է: Նրա ոճով ինձ թույլ եմ տալիս եզրահանգել՝ Հայաստանի պարագայում թիվ մեկ սպառնալիքը Նիկոլն է, հետո միայն COVID-19-ը:
Այս մարդը չափ չունի (ոչ մի բանում), դաստիարակություն չունի: Վերջին 2 տարվա դիտարկումները հուշում են, որ ոչինչ չունի (տվյալ պարագայում անտեսենք ֆինանսները, որ երկրի գործարարներին ռեկետի ենթարկելու «շնորհիվ» հավաքեցին իրեն և կնոջը պատկանող հիմնադրամները):
Նրա բոլոր հայտարարությունները, մեկը մյուսին հաջորդող լայվերը հանրությանը նետված պարապ վախտի խաղալիք են՝ խտացած բացասական էներգիայով, չարությամբ, մաղձով, որ իր ակնկալած հետագիծն են թողնում հասարակության մանիպուլացված հատվածի ուղեղներում:
Երբ առանց վարանելու հայտարարում է. «Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու և սամասուդ անելու, և այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել և փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»,- ուզում եմ հարցնել «самосуд»-ի մեծ գիտակին՝ մտածված ե՞ս «ծրագրավորում» «Իրատես»-ի խմբագրություն հեռաձայնած հոգեկանի տիպի թափթփուկներին, թե՞… պարզապես անցյալից մնացած «պարտքերդ» ես փորձում վերադարձնել ոմանց: (Ի դեպ, նախկին աշխատակիցներդ մինչ օրս սիրում են պատմել, թե խմբագիր եղածդ տարիներին, աշխատասենյակում, արածդ տմարդությունների համար ով ինչ «самосуд» է իրականացրել քո նկատմամբ):
Օրերս «Հրապարակ»-ի էջերից եմ բարձրաձայնել, հիմա էլ կրկնում եմ՝ անիմաստ լայվերի, պառակտիչ, խիստ վտանգավոր հայտարարությունների, բանսարկությունների վրա ժամանակ վատնելու փոխարեն, վերցրու «Հայոց լեզվի» դասագիրքն ու լեզու սովորիր։ Փողոցային խոսվածքը չի սազում զբաղեցրածդ աթոռին։ Քեզ ամեն ինչում թիվ 1 ես երևակայում, բայց չգիտես տարրական մի բան՝ «հատ»-ով ոչխարներին են հաշվում, ո՛չ թե մարդկանց:
Որ անգլերեն չգիտես, ոչինչ, որ ռուսերենին տիրապետում ես ՈՒրբաթի մակարդակով, այդ էլ ոչինչ ու ոչինչ: Բայց ա՛յ, որ հայերենին չես տիրապետում, արդեն չի կարելի ասել՝ ոչինչ…
Օխլոսացածների ջանքերով Արամ Սիմոնյանի՝ սկուտեղի վրա քեզ մատուցած դիպլոմը (գույնը չեմ հիշում), փաստորեն, թղթի կտոր էլ մնաց ու ոչինչ չտվեց… Անգամ չնպաստեց, որ կարողանաս արտահայտվել նորմալ հայերենով: Ասել է՝ իզուր ես ամեն ինչում առաջինը լինելու հայտ ներկայացնում: Ռուսը կփաստեր՝ ты не самый, самый, самый!..
Անդրադառնանք լրատվական դաշտն ալեկոծած խնդրին. ի՞նչ է նշանակում՝ «Լրատվամիջոցների 99 %-ը և լրագրողների 70 %-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չեն ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա…»։ Նիկո՛լ, ոչ այնքան հեռավոր անցյա՞լդ ես մտաբերել ու… կատաղել: Ի դեպ, նախկին լրագրողներդ նաև հաճախ են պատմում, թե ամեն դատարկ բանից ոնց ես մաղձոտում ու, նրանց բնութագրմամբ՝ «ծղրտում»:
«Աննախադեպ» են (Փաշինյանի սիրած բառն եմ օգտագործում) իրեն երկրի ղեկավար երևակայողի պատեհ ու անպատեհ առիթներով թափած լուտանքները. «լրատվական դաշտը կատաղած ա», դատավորները «վնգստացող են», իշխանափոխությունը (2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն չէր, այլ սահմանադրական կարգի խախտմամբ իշխանության բռնազավթում, այդ պատճառով էլ ասում եմ՝ իշխանափոխություն) քննադատողները՝ «լափամանից զրկվածներ», «շնաբարո դուրսպրծուկներ», «հրոսակներ» (հայ ժողովուրդը միշտ թշնամուն է հրոսակ անվանել. Նիկոլի համար սեփական ժողովուրդն է հրոսակը՝ նրանք, ովքեր չեն անցնում իր թրի տակով), օտարի կոշիկները «լիզողներ», որոնք բոլորը «վզակոթերին ուտելու» են:
ՀՀ վարչապետի աթոռին նստած անձը փողոցային բառապաշարով հոգեբանական ասպատակության է ենթարկում հասարակության հեշտ մանիպուլացվող հատվածին:
Երկրի վարչապետի աթոռին հայտնվելուց ի վեր այս մարդը միավորելու փոխարեն խեղեց-պառակտեց հասարակությունը. նախ բաժանեց սևերի ու սպիտակների, հետո շերտավորեց, դասդասեց և թշնամության, միմյանց ոչնչացնելու մոլուցքը մտցրեց կոլեկտիվներ, ընկերական ու բարեկամական շրջանակներ, նրա ծնած-սնած խառնակչության ոգին մտավ… ընդհուպ ընտանիքներ: Այսօր զավակը դուրս է եկել ծնողի, եղբայրը` եղբոր, հայը` հայի դեմ: 37-ի ոգով մարդկանց մեջ արթնացնում են ստոր բնազդները. դրդում մատնագրեր երկնել հարևանի, բարեկամի, հարազատի վրա, խրախուսում դավաճանությունը, զրպարտությունը, ամեն նվաստը: Երիցս ճիշտ էր գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, երբ հորդորում էր Նիկոլին՝ կա՛նգ առ…
Կա՛նգ ա՛ռ… Այս ի՜նչ ատելություն ես ցանել, որ հայ կինը հասարակության թերմացքին հատուկ լպիրշությամբ փրփրակալած բերանից աղտեղություն է թափում, երբ հայը հային թուրք է անվանում, հայհոյում ազգային հերոսներին:
Կա՛նգ ա՛ռ… Հասել ենք մի սահմանագծի, երբ թուրքն այլևս անելիք չունի. թշնամուն անհրաժեշտը կատարվում է քո իսկ ձեռքով:
Չգիտեմ՝ պատմություն սովորե՞լ ես, թե՞ ոչ: Բայց կարծում եմ՝ լսել ես կարմիրների ու սպիտակների, իմա՝ բոլշևիկ-մենշևիկ դիմակայության մասին, ինչը հետո վերածվեց եղբայրասպան ջարդի: Մոտ ենք, շա՜տ մոտ նման իրավիճակին: ՈՒ Աստված մի արասցե քո իսկ ջանքերով սահմանագծին հասածները «սայթաքեն», որոշեն իրագործել քո նվիրական երազանքը՝ «самосуд» կոչվածը:
Հասել ենք սահմանագծին. արժեզրկված է ամեն բան, հարմարեցված բացառապես Նիկոլի մտածողությանն ու ճաշակին, որը, ըստ էության, այդպես էլ չի կարողանում ձերբազատվել դեղին մամուլում աշխատող հոդվածագրի կոմպլեքսներից՝ գոռում-գոչյուն, դատարկ կրակոցներ, զրպարտություններ, ստեր, անհիմն մեղադրանքներ ու անհարկի սպառնալիքներ: Այս մարդը ճղճղաց, հոխորտաց որտեղ պատահի ու երբ պատահի, չմտածելով (գուցե և մտածելով, գուցե և նախորօք ծրագրվածը, համապատասխան ուժերի ձեռամբ կազմվածն իրագործելու մարմաջով) թիրախավորեց ու վարկաբեկեց ազատամարտը, ազգային հերոսներին, պետական ինստիտուտները՝ հարվածի տակ դնելով մեր ազգային անվտանգությունը:
Նիկոլը համապատասխան ուժերի ուղղորդմամբ շարժման մեջ դրեց դիվային մի մեխանիզմ, որը գործում է մեր պետության, ազգային արժեքների, հայի ազգային ինքնության դեմ:
Հրեշավոր այդ ծրագիրը «հաղթական» ավարտին հասցնելու ճանապարհին Նիկոլի ոտքը պարբերաբար դեմ է առնում… Չէ՛, ո՛չ քարին, այլ… Չորրորդ իշխանությանը: Ի՞նչ պետք է անել… Այո՛, արդեն վրա է հասել «վճռական ու բախտորոշ» պահը, նիկոլավարի ասած՝ պետք է տալ չորրորդ իշխանության վզակոթին: ՈՒ նա փորձում է լրատվամիջոցները դարձնել, ինչպես կասեր ռուսը՝ мальчик для битья!
Չի՛ ստացվելու:
Պայքարը չորրորդ իշխանության դեմ դառնալու է Փաշինյանի Վաթեռլոոն, իմա՝ մայրամուտը: Չեմ կասկածում:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ. Նիկոլի ներսում բույն դրած լեգեոնը չի կարողանալու օգնել նրան` սկսվել է «բախտի անիվ» կոչվածի հետպտույտը։ Իմա` Նիկոլին չի հաջողվի լրատվական դաշտը տանել անցյալ, հասցնել 37-ի դիրքեր ու... ամլացնել, վերածել իր կամակատարի: Անհնար է: Չի՛ հաջողվի։ Լրատվական դաշտը բախտորոշ պահերին միշտ էլ համախումբ է եղել: Այլապես, մեկ բռունցք դարձած չէր պաշտպանի նույն Փաշինյանին, որը 2008-ի մարտի 1-ին լքել էր իր իսկ սադրանքներով իսկական մարտադաշտի վերածված հրապարակն ու ճողոպրել միայն իրեն հայտնի ծուռումուռ, նեղլիկ արահետներով։
Ապագայում էլի կպաշտպանենք… Կյանքը հետաքրքիր մի սովորություն ունի, որ կոչվում է՝ դարձ ի շրջանս յուր: Միայն թե նրա պարագայում «դարձը» սաստիկ ցավոտ է լինելու, իսկ անկարգելի (Նիկո՛լ, նշանակում է парашют) դերը կրկին իր գործընկերներն են ստանձնելու: Այն գործընկերները, որոնց այսօր զրպարտում է և անցյալի գիտակցված ու չգիտակցված իր մեղքերը բարդում նրանց ուսերին: Խոսքս ուզում եմ ավարտել գեներալ-մայորի` Արթուր Վանեցյանի խիստ մարգարեական (Նիկոլի համար) բառերով՝ կա՛նգ առ…